Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստին իր ելույթում Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ «Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր»։ Միեւնույն ժամանակ, նա հայկական կողմի պատասխան գործողությունների բացակայությունը փորձել է բացատրել նրանով, որ «ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ… մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»:Երեկ տեղեկություն եղավ, որ ռուս զինվորականները բանակցել են թուրքերի հետ, ավիացիա են օդ բարձրացրել, եւ թուրքերն իբր հեռացել են: Սակայն պարզվեց, որ ուշ երեկոյան դրությամբ դեռ չէին հեռացել:Հայաստանի տարածքը ՌԴ եւ ՀԱՊԿ պատասխանատվության տարածքն է: ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժի մեջ է հրադադարի ռեժիմի վերաբերյալ, ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չկա, նման միջադեպեր էլի են լինելու եւ դրանք պետք է հանգուցալուծել բանակցությունների միջոցով: Ըստ նրա, հրադադարը Հայաստանին անհրաժեշտ է կորուստները վերականգնելու շանս ունենալու համար:Փաստացի, նա ասում է, որ ՀԱՊԿ-ին դիմելը նշանակելու է, որ զինադադարի ռեժիմը դրվելու է կասկածի տակ, քանի որ տեղի է ունեցել ներխուժում Հայաստանի տարածք:Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ է լինելու, եթե թուրքերը չհեռանան, կամ հեռանալու համար ինչ որ պայման դնեն: Իսկ որ դնելու են՝ որեւէ կասկած չկա. դա են վկայում ներխուժմանը նախորդած Մոսկվա-Բաքու ներդաշնակ հայտարարություններն ու սպառնալիքները միջանցքը բացելու վերաբերյալ:Սյունիքի օտարման փորձն Արցախի օրինակով երեկվանից գործնական փուլ է մտել: Մոսկվան ու Բաքուն շտապում են, դա են վկայում Ալիեւի նյարդային պահանջները սահմանները ճշտելու եւ միջանցքը բացելու հարցում: Անհանգստանալու ու շտապելու պատճառներ կան, որոնք կապված են ռեգիոնում նոր զարգացումների հետ: Հաղորդակցությունների ապաշրջափակման անվան տակ իրականացվում է Հայաստանի լիակատար շրջափակման ծրագիրը, հարավում Իրանի հետ Հայաստանի սահմանը փակելու եւ ռուս-թուրքականին այլընտրանք Հյուսիս-հարավ միջանցքը թույլ չտալու համար, ինչը զուտ միջանցքի խնդիր չէ, այլ աշխարհքաղաքական նոր վեկտոր, որը սպառնում է Մոսկվայի ու Անկարայի շահերին, սակայն ճեղքման հնարավորություն է Հայաստանի համար:Սյունիքում նոր սադրանքներ են սպասվում, այդ թվում ռազմական նման ներխուժումների ձեւով: Դրանք մի կողմից հոգեբանական լուրջ ճնշում են Հայաստանին զիջումներ պարտադրելու հարցում, մյուս կողմից՝ խորացնում են պաշտպանության տեսակետից արդեն իսկ խոցելի հայկական դիրքերը: Դրանք առայժմ «չեն զուգորդվելու հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ», որպեսզի պահպանվի Մոսկվայի ալիբին:Սյունիքի մարզում իրավիճակը կարելի է շրջել, եւ դա է քաղաքականության էությունը: Եթե արձանագրվում է Հայաստան զինված ներխուժման փաստը, նշանակում է եռակողմ հայտարարություններն ու այլ պայմանավորվածությունները չեն գործում: Երեւանը պարտավոր է դիմել ՄԱԿ-ին, Մինսկի խմբի արեւմտյան համանախագահներին, այլ կառույցների՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիայի փաստով: Եթե Մոսկվան ու Բաքուն համարում են, որ նման տարածք չկա, քանի որ սահմաններ չկան ու նոր պետք է ճշտվեն, նշանակում է Ադրբեջան տարածք էլ չկա եւ առավել եւս Արցախը Ադրբեջանի տարածք չէ:Այս առումով, Հայաստանը նաեւ գործողությունների առիթ է ստացել ռազմական իմաստով: Մովսես Հակոբյանն, օրինակ, իրավացիորեն ասում է, որ եթե ադրբեջանցիները սահման են հատել, նրանց կարող են գերեվարվել:Նախաձեռնություններից ու սեփական իրավունքների պաշտպանությունից շանտաժի ու սպառնալիքի ազդեցության տակ հրաժարվելու այլընտրանքը ո՞րն է: Հայաստանի քաղաքական ուժերը, որոնք հայտարարել են այսպես կոչված ընտրություններին մասնակցելու մասին, նույն պահից ուղիղ պատասխանատվություն են կրում հետագա զարգացումների համար (իսկ գուցե Մոսկվան այդ ընտրությունները նախաձեռնել է հենց Սյունիքի հարցերը լուծելու նպատակով): Ռուսական բարեհաճությանն արժանանալու մոտիվացիան կապ չունի Հայաստանի շահերի հետ, բացի այդ էլ՝ նման բարեհաճություն չի լինելու: Հայաստանն այս իրավիճակից կարող է դուրս գալ, եթե կառավարությունը եւ քաղաքական դասը գծեն ներքին դիմակայության կարմիր գիծը եւ կոնսենսուսի գան դիմադրության հարցում: Քանի դեռ ուշ չէ:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/13/641407/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *