ՀԱԿ՝ Հայ ազգային կոնգրե՞ս, թե՞ հայոց ազգային Կասանդրա․

Կասանդրան գուշակ էր, որ միշտ դժբախտություններ էր գուշակում: Նրան անմիջապես հիշեցի՝ ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո: Փաստացի ՀՀ հիմնադիր նախագահը հաստատում է, որ

1.Իր պատմական հիշողությունը սկսվում է 1998-ից, ոչ թե 1996-ից, երբ ընտրություններից հետո սկսվել էր իր մեծ դեպրեսիան ու ի հետևանս հավես չուներ կառավարել, ու նա մոռացել է, որ ինքն էր ասում՝ Վազգենի ճկույթը բոլորիդ հետ չեմ փոխի:

2.Բացառիկ ու բացահայտ սուտ է, որ Վազգեն Սարգսյանը պատրաստ էր երկիրը քաղաքացիական պատերազմի տանել, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական չտար: 1998-ի հունվարի 23-ին ՊՆ-ի ասուլիսում Վազգենն ինքն էր ասում, որ սուսուփուս կհեռանար, եթե նախագահը իրեն պաշտոնանկեր: Բազմիցս երկրում քաղաքացիական պատերազմ կանխած Վազգեն Սարգսյանին, թեկուզ Ռոբերտ Քոչարյանի հետ տանդեմով, քաղաքացիական պատերազմի ցանկություն կամ փորձ վերագրելը, մեղմ ասած, այն փրկօղակն է, որից կառչած՝ ՀԱԿ նախագահը փորձում է բացատրել իր անկումային տրամադրության հետևանքով երկրում 1996-ին ստեղծված իրավիճակի, երբ նույն Վազգեն Սարգսյանը իսկապես կանխեց քաղաքացիական պատերազմը, հետևանքները արդեն 1998-ին և հետո:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

3.Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական սխալը՝ Արցախի հարցի լուծման բանալին միայն Ռուսաստանի ձեռքում տեսնելն է ու այսօր նորից՝ Սյունիքում ու Գեղարքունիքում ստեղծված իրավիճակում, դա կրկնելը վկայում է, որ ՀՀ հիմնադիր նախագահը, ցավոք, վերածվել է պատմական անախրոնիզմի, նրա մտածողության անխոտելիության ու անխոցելիության միֆը ցնդել է, ու նա այսօր համոզված ու հաճույքով բազմապատկում է կակաֆոնիան քաղաքականության մեջ, ոչ թե ողջախոհության ճրագ է վառում: Ցավոք:

4.Ճիշտ է, որ ՀԱԿ-ը մասնակցի արտահերթ ընտրություններին՝ վերջնականապես ստանալով ոչ միայն համաժողովրդական վստահության չգոյության, այլև՝ իր գաղափարական կասկածելի դավանանքի մերժման հավաստիքը:

5.Ակնհայտ է, որ ՀԱԿ-ը հույս ունի ոչ միայն ԱԺ մտնել, այլև՝ որ ԱԺ կմտնի Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի ու Արթուր Վանեցյանի ՙՀայրենիքի՚ ՙՊատիվ ունեմ՚ դաշինքը, և արդեն խորհրդարանում կմիանան մոնղոլ թաթարական ավազակապետության ու ավազակապետության դեմ պայքարի և բուրժուադեմոկրատական հեղափոխության ռահվիրաները:

6.Փաստացի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանից չստացավ այն, ինչ ստացավ Սերժ Սարգսյանից, ու հենց դա էր երեք նախագահների միասին հանդես գալու առաջարկի բուն պատճառը:

7.Մեկ հարցում Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է՝ Հայաստանում խորհրդարանական մոդելը սխալ է, պետք է վերադառնալ նախագահական կառավարման:

Իսկ ընդհանրապես արժի հիշել, որ 1999-ի հոկտեմբերի 27-ից 4 օր առաջ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Մեղրին Ադրբեջանին հանձնելու հարցը, դեմ են քվեարկել միայն Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, ձեռնպահ՝ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Կողմ քվեարկողները՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և այլք, ողջ են, հիմա իրենց հռչակել են ընդդիմություն և կարեցածն անում են՝ այդ ծրագիրը կյանքի կոչելու։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը դա գիտի: Բայց նրան դա չի հետաքրքրում, նա խրվել է Կասանդրայի բարդույթի մեջ ու միայն չարիք է կանխատեսում, եթե իր ՙողջախոհության ճրագը՚ մերժվի: Մնում է Վանո Սիրադեղյանին հիշել՝ ՙԱփսոս էր երեխան՚, այս պարագայում՝ հիմնադիր նախագահը…

Անահիտ Ադամյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *