«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար, նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը։

– Պարոն Ղազարյան, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բավականին սրված է ներքաղաքական իրավիճակը, քաղաքական օպոնենտների կողմից միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցվում, կողմերը շարունակում են պիտակավորել միմյանց։ Արդյո՞ք արտահերթ ընտրությունները կարող են պարզեցնել այս պղտոր վիճակը։

– Ես մասամբ եմ հետևում վերջին շրջանի զարգացումներին։ Կզուլալվի ներկայիս պղտոր վիճակը, թե ոչ՝ կախված է ընտրություններից։ Եթե ընտրությունները ընթանան այնպես, ինչպես ուզում են որոշակի քաղաքական ուժեր, հնարավոր է՝ բան չփոխվի։ Իմ կարծիքով՝ պետք է նոր ուժեր լինեն, հինը ընդհանրապես պետք է մերժվի, որոշակի նոր քաղաքական ուժեր պետք է գան պառլամենտ ու հաղթող ուժի հետ աշխատեն երկիրը շենացնելու հարցում։

– Դուք տեսնո՞ւմ եք նման նոր ուժեր։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը..․․

– Իհարկե տեսնում եմ։ Այն, ինչ նոյեմբերի 9-ից հետո սկսվեց, աստիճանաբար բոլորս էլ տեսանք, որ ուղղակի իներցիայի ուժով գլորվեց-գլորվեց ու հանգեց իր բնական վախճանին։ Հիմա ժողովուրդը պետք է իր վճռական խոսքն ասի։ Չեմ կարծում, որ ժողովուրդը պետք է այս ամեն ինչը կուլ տա։

– Պարոն Ղազարյան, Դուք խոսում եք նոր ուժերի մասին, շատերը դրան տալիս են երրորդ ուժ անվանումը, բայց մենք երբ նայում ենք քաղաքական դաշտին, տեսնում ենք, որ պայքարը ընթանալու է նախկինների՝ ի դեմս Քոչարյանի ու իր շուրջ համախմբվող ուժերի, և ներկա իշխանությունների միջև։ Այս երկուսին լուրջ այլընտրանք կարծես թե չկա, և մարդիկ մեծ ընտրության հնարավորություն չունեն։

– Գիտեք, դա ձեռք է տալիս և՛ նախկիններին, և՛ ներկա իշխանությանը, որ պայքարը գնա երկուսի միջև։ Ակնհայտ է, որ դա է նրանց ուզածը, որպեսզի ժողովուրդը ընտրի չարյաց փոքրագույնը։ Նախկինները հիմա ոչ մի լավ բան չեն առաջարկում ո՛չ Ղարաբաղի հարցում, ո՛չ Հայաստանի ապագայի հարցում։ Ոնց մեզ դարձրել են ինքնիշխանությունը կորցրած գուբերնիա, ուզում են այդպես էլ շարունակել։ Ոչ մի նոր բան չեն առաջարկում, և ոչ մի անվտանգության երաշխավարում չի տրվում։ Հետևաբար, ես կրկնում եմ, որ նոր ուժեր են պետք։ Նոր ուժեր կան, պարզապես նրանք պետք է կարողանան իրենց խոսքը հասցնել ժողովրդին, պետք է դրա ձևը գտնեն, քաղաքական բազմաթիվ խելացի տեխնոլոգիաներ կան ընտրություններից առաջ քո ձայնը ավելի ընկալելի, հասանելի դարձնելու ընտրողի համար։ Եվ նրանք, ովքեր ձգտում են ինչ-որ բան անել հայրենիքի համար, պետք է տաք ելույթներ ունենան, իրենց խոսքը տեղ հասցնեն ընտրողին, որպեսզի կարողանան տեղ զբաղեցնել խորհրդարանում։

– Նիկոլ Փաշինյանի հասցեին մեղադրանքներ են հնչում, որ նա Ռոբերտ Քոչարյանին ամբաստանյալից դարձրեց քաղաքական դերակատար։ Դուք տեսնո՞ւմ եք իշխանության մեղքը, որ այսօր Քոչարյանը ոչ թե բանտում է, այլ փորձում է մասնակցել ընտրություններին՝ արդարացված Մարտի 1-ի մեղադրանքից։

– Այդ հարցին ավելի լավ է Նիկոլ Փաշինյանը պատասխանի, բայց ես չեմ կարծում, որ ինքը մտածված այդ ամեն ինչն արեց։ Ուղղակի իրավիճակը իր տիրապետությունից դուրս եկավ հայտնի դեպքերից հետո, մեր պարտությունից հետո։ Իրավիճակը իր տիրապետության տակից դուրս եկավ ու դարձավ անկառավարելի։ Եվ դրա համար էլ ընտրություններ են նշանակված, որպեսզի ընտրողը ևս մեկ անգամ ասի, թե որ ուժը պետք է երկիրը ղեկավարի՝ հին ուժերը, թե նոր ուժերը, թե նոր մարդիկ, նոր խմբեր։

– Անկախ զարգացումներից, Դուք հին ուժերի վերադարձը հավանական համարո՞ւմ եք։ Քոչարյանն ասում է, որ կրելու են։

– Բացարձակապես ոչ։ Ժողովուրդը հիշողություն ունի։ Մենք իզուր ենք ընտրողին այդքան թերագնահատում և վիրավորում։

– Ռևանշի ձգտող ուժերի կողմից ընտրությունների ժամանակ բոյկոտի, ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնող գործողություններ կարո՞ղ են լինել։

– Ամեն ինչ կարելի է սպասել, այդ ուժերը ցույց տվեցին, որ ամեն ինչի ընդունակ են։ Ճիշտ է, նրանցից որոշ ուժեր առանձնացան, հայտարարեցին, որ մասնակցելու են ընտրություններին, բայց դեռ մնացել են որոշները, որոնցից կարելի է ամեն ինչ սպասել։ Բայց դրա համար գոյություն ունի իշխանություն, պետություն, իրավական համակարգ, և ինչքան էլ որ այն այսօր խաթարված է, բոլոր դեպքերում իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ ընտրությունները լինեն արդար, թափանցիկ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *